Բրազիլիայի Գերագույն դատարանը վճռել է, որ X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցը պետք է երկրում անհապաղ և ամբողջությամբ դադարեցվի՝ հայտնել է BBC-ն։ Հարթակի արգելքը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև X-ը կկատարի դատական բոլոր կարգադրությունները և կվճարի սահմանված բոլոր տուգանքները: Ակնկալվում է, որ X-ը Բրազիլիայում անհասանելի կդառնա առաջիկա 24 ժամվա ընթացքում:                

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԾԵԼ ԵՆՔ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻ, ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ, ՔՅՈԽՎԱՆԵՐԻ ԱՊԱՐԱՏԻ»

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԾԵԼ ԵՆՔ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻ, ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ, ՔՅՈԽՎԱՆԵՐԻ ԱՊԱՐԱՏԻ»
13.01.2012 | 00:00

Երեկ կառավարության շենքը տխուր և զարմացած մտորում էր. «Ո՞Ւր են ինձ պաշարող բողոքավորները»։ Իսկապես, սա անակնկալ էր. կառավարության 2012-ի առաջին նիստն անցավ առանց բողոքավորների հոծ զանգվածի։ Երևի որոշել էին Նոր տարվա նվեր մատուցել հայրենի գործադիրին։ Եվ սա միակ անակնկալը չէր։ Ոստիկանապետի պաշտոնը զբաղեցնելուց հետո ՎԼԱԴԻՄԻՐ ԳԱՍՊԱՐՅԱՆՆ առաջին անգամ նիստից հետո շենքից դուրս եկավ շքամուտքով և խոսքի բռնվեց լրագրողների հետ։ Այլ կերպ ասած, պետք է ենթադրել, որ ոստիկանապետն ինքը ցանկություն ուներ խոսելու։ Սակայն, ենթադրություններով չառաջնորդվելու համար, Վլադիմիր Գասպարյանից փորձեցինք ճշտել` ինչո՞ւ որոշեց խոսել։ «Կարծում եմ` խոսքը ժամանակին պետք է ասվի, երբ կատարված որոշակի աշխատանք կա»,- ասաց ոստիկանապետը, հավելելով, որ ոստիկանապետի պաշտոնը շատախոսություն չի սիրում, և տարին մեկ-երկու հանդիպումը լրագրողների հետ բավարար կլինի։ Եվ քանի որ 2012-ին սա առաջին առիթն էր, մենք ևս մի քանի հարց ուղղեցինք գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանին։
-Շատ է խոսվում համակարգում ընթացող կադրային փոփոխությունների մասին, ինչո՞վ է սա պայմանավորված։
-Այո, կադրային փոփոխություններ են իրականացվում, և դա պայմանավորված է աշխատանքներն ավելի արդյունավետ դարձնելու անհրաժեշտությամբ։ Իսկ հիմնավորումը կատարված բացահայտումներն են։ Մասնավորապես, խոսքն անհարկի ուռճացված հաստիքների, ստորաբաժանումների ու ոչ ճիշտ տեղաբաշխված աշխատանքների մասին է։ Կան կադրեր, որոնք դուրս են գալիս համակարգից, համաձայնելով, որ իրենք իրենց սպառել են։ Եղել են մարդիկ, որոնք զբոսաշրջիկի կամ, այսպես ասած, անշարժ գույքի կարգավիճակ են ունեցել համակարգում, որոնց աշխատանքի արդյունավետությունը զրոյական էր։ Իրականացվող կադրային փոփոխությունների շնորհիվ կադրերի ուռճացման խնդիրը կլուծվի, աշխատանքային արդյունավետությունը կբարձրանա, կունենանք մոբիլ, կուռ համակարգ։ Վստահեցնում եմ, որ ոչ մի պիտանի, պրոֆեսիոնալ կադր դուրս չի մնա։
-Բացառո՞ւմ եք, որ Ձեզ հաջորդած ոստիկանապետը (ասենք` մի հինգ տարի հետո) Ձեր նշած այս նույն հիմնավորմամբ կադրային փոփոխություն չի իրականացնի և նույն գնահատականը չի տա։
-Ես երևակայության մարդ չեմ` ենթադրություններով չեմ առաջնորդվում։ Իրավաբան եմ և խոսում եմ փաստերի լեզվով։
-Այդ դեպքում, փաստերից ելնելով, խնդրում եմ գնահատեք համակարգի 2011 թ. աշխատանքը։
-Տարին կամփոփենք այս ամսվա վերջին։
-Հասկանալի է, որ թվերով այս պահին անցած տարին հնարավոր չէ ամփոփել, սակայն խնդրում եմ Ձեր քաղաքական գնահատականը։
-Քաղաքական գնահատական չեմ տալիս։ Ինչպես նշեցի, ես իրավաբան եմ և ոստիկանապետ, իսկ քաղաքական գնահատականները և կանխատեսումները քաղաքական գործիչների գործն է։
-Քաղաքական ասելով` նկատի ունեմ համակարգում տարվող քաղաքականությունը, ըստ Ձեզ, լուրջ աշխատանքներ կատարվե՞լ են։
-Ինչպես կարող էին կատարված չլինել։ Եթե մենք, ժողովուրդն այսօր խաղաղ կանգնած ենք և ազատ խոսում ենք, ուրեմն աշխատանքներ կատարվել են։
-Ձեր նշանակումից հետո բացահայտվեցին տարիներ շարունակ չբացահայտված գործեր։ Վերևից «դաբրո՞» եք ստացել։
-Ո՛չ։ Իմ աշխատանքային կենսագրության ընթացքում` սկսած շարքայինից մինչև բարձրաստիճան պաշտոնյա, երբեք պատվերներ չեմ կատարել, և պատվերներ էլ չեն եղել։ Չգիտեմ, թե ինչու, բայց չեն եղել։ Այժմ` առավել ևս։ Ինչպես ասում են` վերևներից վերև ՀՀ նախագահն է, և նա իմ առջև մի խնդիր է դրել` վերականգնել ժողովրդի վստահությունը ոստիկանության նկատմամբ, վերադարձնել համազգեստից վերցված պատիվը։ Ցավով պետք է նշեմ, որ մենք մեր գործընկերներով, սկսած ինձնից, վերջացրած ամենաշարքայինով, կորցրել ենք մեր հեղինակությունը։ Եվ երբ ասում էին, թե Գասպարյանն ասել է` «միլիցա-պեպելնիցա», միաժամանակ չէր ներկայացվում` ինչո՞ւ է դա ասվել և ի՞նչ պայմաններում։ Այո, այդ արտահայտությունն արել եմ իմ կոլեգաների, գործընկերների ներկայությամբ, որոնց հետ տարիներ շարունակ աշխատել եմ։ Ասել եմ այն ցավով, որպեսզի պատկերավոր ներկայացնեմ, թե ինչ վարկանիշ ունի այսօրվա ոստիկանը հասարակության շրջանում։ Մենք կորցրել ենք մեր հեղինակությունը։ Ոստիկանությունը վերածել ենք զբոսաշրջիկների, անշարժ գույքի, քյոխվաների ապարատի։ Այդպես չի կարելի շարունակել։ Պետք է մտածել մեր երեխաների մասին։ Նրանց ծաղրում են` անվանելով «միլիցա-պեպելնիցա»։ Այս ամենն եմ ներկայացրել իմ գործընկերներին և նշել, որ անհրաժեշտ է վերականգնել ոստիկանի բարձր համբավն ու պատիվը։
-Ըստ Ձեզ, ոստիկանը կորցրել է իր բարի համբավը վերջին երեք տարո՞ւմ, թե՞ սկսած 1991-ից։
-Մենք կորցնում ենք այն 20 տարի շարունակ, գոնե այդքանը ես իմ աչքով եմ տեսնում։ Սթափվելու ժամանակն է։ Ոստիկանությունը պետք է վերադարձվի ոստիկանին։ Ոստիկանությունում պետք է աշխատի ոստիկանը, քանի որ դա սոսկ մասնագիտություն չէ, այլ մարդկային տեսակ, որի մեջ առավել զարգացած է արդարության պահանջը։ Չէ՞ որ այս համազգեստը մեզ տրված է նաև նրա համար, որ տարիներ հետո էլ հիշվի` այն մարդ է կրել։ Եվ ես դրան հասնելու եմ, ինչպես Դուք եք նշում, կադրային խիստ, կտրուկ փոփոխություններով։
Զրույցը` Ժասմեն ՎԻԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 1245

Մեկնաբանություններ